Recevoir les nouveaux articles par Email

jeudi 31 mars 2016

ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ երիտասարդաց միութեան երիտասարդներով առաջնորդութեամբ Տէր Յուսիկ քահանայ Սարգսեանի Մարտի 5-ից 6-ը երկօրեայ աղօթական առանձնացում ունեցանք Նորմանդի կոչուող շրջանի ծովափնեայ Քաբուռ քաղաքում։ Ուխտագնացութիւնը սկսեցինք Մայր Տաճարից աղօթքով և ճանապարհ ընկանք նշանաբան ունենալով Տէր Յիսուսի խօսքերը. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Յհ 14:26)։ Ճանապարհը շատ ուրախ անցանք՝ միասին երգելով շարականներ, ժողովրդական երգեր եւ երբ հասանք Քաբուռ և տեղաւորուեցինք կացարաններում, հիւրանոցը 2 օր դարձրեցինք մեր տունը. վայր, որտեղ միայն 20 հոգի աղօթող երիտասարդներ էին հաւաքուած, վայր, որտեղ բոլոր սենեակների դռները բաց էին բոլորին առջեւ... Այստեղ կ՚ուզեմ մեր միութեան անունից մասնաւոր շնորհակալութիւն յայտնել Պրն. Սարգիս Պետոյեանին, ով մեզ համար ընտրեց այդքան յարմար այդ հիւրատունը եւ հոգաց սենեակների վարձակալման ծախսերը:

Տեղաւորուելուց յետոյ մեր տնարար աղջիկները, օգնական ունենալով տղաներին, անմիջապէս ձեռնամուխ եղան պահոց կերակուրներ պատրաստելուն եւ ճաշելուց յետոյ միասնաբար պտոյտ ունեցանք ովկիանոսի ափով: Երեկոյեան աստուածաշնչեան սերտողութեան ժամ էր՝ «Աստուածաշունչի երիտասարդները» նիւթով: Տէր Յուսիկը մեզ ներկայացրեց մի քանի աստուածաշնչային երիտասարդների կերպարներ՝ նրանց կեանքը, մտայնութիւնը եւ գործը համադրելով այսօրուայ երիտասարդի կեանքին: Աւելի ուշ ժամի թէյի սեղանի շուրջ հետաքրքրական քննարկում էր՝ «որո՞նք են եկեղեցու ներկայիս խնդիրները»: Փորձեցինք նաեւ լուծումներ առաջարկել։


Անպայման անդրադառնանք նաեւ, որ այդ օրը ևս մէկ ուրախանալու առիթ ունէինք, մեր ընկներներից Ալինը տօնում էր իր յոբելեանը. ջերմագինս շնորհաւորեցինք և ուրախ երգերի շարան նուիրեցինք նրան:
Իսկ կէսգիշերն... անմոռանալի Խաղաղական ժամերգութիւն... Փոքրիկ սենեակի մէջ խորան էինք պատրաստել եւ մենք ինքներս էինք ընթերցում ժամերգութեան սաղմոսները, երգում երգերը: Յաջորդեց Տէր Հօր քարոզը խաղաղութեան մասին, ապա լռութեան խաղաղ րոպեներ...

Առաւօտեան կանուխ Արևագալի ժամերգութիւն կատարեցինք՝ ողողուած արեւի ճառագայթներով եւ խունկի անուշութեամբ: Այնուհետեւ նախաճաշեցինք ու կէսօրին բռնեցինք ետդարձի ճանապարհը. ճանապարհին այցելեցինք նաև Լիզիոյի հոյակերտ Սուրբ Թերէզի տաճարը, ապա շարունակեցինք ճանապարհը ուրախ սրտով ու խաղաղ մտքով։
Այս երկու օրերն իսկապէս խաղաղ ու անմոռանալի անցան, ինչի համար փառք և գոհունակութիւն Աստծուն և մեծ շնորհակալութիւն մեր միութեան ջանադիր ու կազմակերպուած անդամներին:

Տիրոջ խաղաղութիւնն ու սէրը ամէնքիս հետ թող մնայ:

Սօսէ
Related Posts Plugin for WordPress, Blogger...