Recevoir les nouveaux articles par Email

mercredi 1 juillet 2015

ՓԱՐԻԶԻ ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԱՂՕԹՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ

Յունիսի 30-ին Փարիզի մայր եկեղեցու երիտասարդների ջանքերով Սբ Յովհաննէս Մկրտիչ Տաճարի հովանու ներքոյ կազմակերպուեց միասնական աղօթք՝ յանուն հայութեան եւ Հայաստանի: Նախքան աղօթքը սկսելը ներկայ երիտասարդները քննարկեցին Հայաստանում օրեր շարունակ ձգուող ցոյցերի պատճառները, հնարաւոր հետեւանքները եւ այն, թէ ինչով կարող են իրենք՝ երիտասարդները, օգտակար լինել հայրենակիցներին:
Այնուհետև Փարիզի հայկական Մայր եկեղեցում հնչեց աղօթքը: Աղօթքների շարքը սկսվեց Հայր մերով, այնուհետև ընթերցուեցին հատուածներ Հին եւ Նոր Կտակարաններից, ինչպես նաև Գ. Նարեկացու  Մատեան Ողբերգութիւնից:  Ստորեւ՝ մի քանի մէջբերումներ ընթերցուածներից.

«Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։ Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր, ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։ Եւ եթէ նոյնիսկ որեւէ մէկը կարող է կատարեալ լինել մարդու որդիների մէջ, բայց եթէ քո իմաստութիւնը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարուի… Քեզ հետ է իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին ու որն է քո պատուիրաններին համապատասխան։ Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ՚առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ» (Իմաստութիւն Սողոմոնի, Գլուխ 9):


«Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։ Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։ Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ» (Աւետարան ըստ Մատթէոսի, գլուխ 5:43-48):

Վերջում ընթերցուեցին նաեւ այն երիտասարդների ուղարկած աղօթքները, ովքեր չէին կարողացել ներկայ լինել ֆիզիքապէս.

«Տէր Աստուած, աղօթում ենք, որպէսզի առաջնորդես ու պահպանես մեր հայ ժողովրդին, որ տաս մեր երիտասարդներին ուժ, համբերութիւն և յոյս, եւ ղեկավարներին իմաստութիւն և կարողութիւն` ժողովրդին լսելու և խաղաղ լուծումներ ճարելու։
Տէր Աստուած, ուղղորդիր մեր ժողովրդին արդարութեան պայքարի համար, որ այս ուժը որ տեսանք մեր երիտասարդների կողմից դրսեւորուող, ծառայի բարուն ու հեռու մնայ մեր ժողովրդի մէջ խռովութիւն եւ թշնամութիւն տարածելուց։
Տէր Աստուած, տուր հայ ժողովրդի կառավարիչներին քաջութիւն ` յաղթահարելու դժուարութիւնները ու փորձութիւնները, իմաստութիւն` որպէսզի Աստծոյ կամքը հասկանան ու կատարեն այն, և վերջապէս հաւատքի զօրութիւն` որպէսզի չտկարանան բարին գործելիս»:


Հաւատացեալ երիտասարդների աղօթքները  եզրափակուեց «Տէր ողորմեայի» գեղեցիկ կատարումով և Տէրունական աղօթքով:
(Արեւիկ Պարսամեան)
Related Posts Plugin for WordPress, Blogger...